Իրանի և Վրաստանի տարածքով լոգիստիկայի հետ կապված խնդիրները Հայաստանին ստիպում են փնտրել այլընտրանքային երթուղիներ՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի տարածքով տարանցումը։ Փոխադրողներն ու փորձագետները բացատրում են, թե որտեղ են իրական ռիսկերը, որ ճանապարհներն են ավելի արագ, և ինչ վտանգներ ունի տարածաշրջանում երկարատև անկայունությունը։
Ինչպես հայտնի է, Հայաստանը փաստացի ընդունել է Իրանի և Վրաստանի տարածքով մատակարարումների լոգիստիկայի հետ կապված լուրջ բարդությունների առկայությունը։ Իրանում ներքին անկայունության, ինչպես նաև եղանակային պայմանների պատճառով Ռազմավիրական ճանապարհի փակման հետ կապված տրանսպորտային և մաքսային համակարգերի աշխատանքի ընդհատումների ֆոնին երկրի իշխանությունները սկսել են դիտարկել այլընտրանքային երթուղիները։ Դրանցից մեկը դարձել է Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղին։
Ադրբեջանական տարածքով հացահատիկի և նավթամթերքի մատակարարումների մեկնարկից հետո Հայաստանում ևս դիտարկում են այդ երթուղով հեղուկացված բնական գազի ներկրման հնարավորությունը։ Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանել են, որ նոր ճանապարհը դիտարկվում է որպես գործող՝ Վերին Լարսի անցակետի և Իրանի տարածքով անցնող ուղղությունների ժամանակավոր այլընտրանք։
Իրանում առկա իրավիճակի ազդեցությունը մատակարարումների լոգիստիկայի վրա ակնհայտ է, և դա հաստատում են հենց փոխադրողները։ Հիմնական դժվարությունները կապված են ոչ թե երթուղիների անվտանգության, այլ տեխնիկական խափանումների՝ առաջին հերթին ինտերնետի անջատումների և վարորդների հետ կապի խախտման հետ։
«Cargo Express» լոգիստիկ ընկերության տնօրեն Արթուր Հաբեշյանը նշում է, որ ընկերության՝ Չինաստանից Իրանի տարածքով տարանցվող բեռնատարներից մեկը մոտ 4 օր մնացել է Իրան-Հայաստան սահմանին։ Ընդ որում, նրա խոսքով, ուշացումը կապված չի եղել ո՛չ երթուղու անվտանգության, ո՛չ ճանապարհների սահմանափակումների հետ։
«Ուշացումները առաջացել են բացառապես սահմանային և ծրագրային խափանումների, այլ ոչ թե բուն տարանցիկ երթուղու պատճառով։ Ճանապարհին ո՛չ սահմանափակումներ են եղել, ո՛չ էլ հարկադիր կանգառներ», – պարզաբանեց Հաբեշյանը։
Նա ընդգծեց, որ խոսքը հենց տարանցիկ բեռների մասին է, այլ ոչ թե իրանական ծագման ապրանքների։
Հեռավորության առումով Ռուսաստանի տարածքով երթուղին ավելի կարճ է, բայց ուղղության ընտրությունը կախված է մեծապես տարվա եղանակից։ Եղանակային առավել բարենպաստ պայմանների պատճառով ձմռանը ընկերությունը հաճախ նախապատվություն է տալիս իրանական երթուղուն։
Այսպես, բեռները Հայաստան են հասնում Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երթուղով։ Սակայն մինչև Իրանում իրավիճակի ամբողջական կարգավորումը ընկերությունը որոշում է կայացրել ժամանակավորապես վերաուղղորդել բեռնափոխադրումները «Վերին Լարս» անցակետով։ Այս դեպքում լոգիստիկան կառուցվում է հետևյալ սխեմայով՝ Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Ռազմավիրական ճանապարհ-Վրաստան-Հայաստան։
Հաբեշյանի խոսքով, այսպես կոչված «Լարսի» գործոնը հաճախ է հանգեցնում զգալի ուշացումների։ Բացի այդ, ձմռանը Ղազախստանի արևմտյան շրջաններում ծայրահեղ ծանր եղանակային պայմանները զգալիորեն բարդացնում են տրանսպորտի երթևեկությունը։ Այդ իսկ պատճառով տարվա ցուրտ եղանակին իրանական ուղղությունը Հայաստան բեռների առաքման համար համարվում է ավելի արագ և հարմար։
Եղանակային պայմանների կայունացմամբ պայմանավորված՝ ամռանն առաջնահերթությունը, որպես կանոն, կրկին տրվում է Ռուսաստանի տարածքով անցնող երթուղուն։
Հաբեշյանը նաև զուգահեռներ անցկացրեց 2025 թվականի հունիսյան իրադարձությունների հետ՝ նշելով, որ Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական բախումների պատճառով այն ժամանակ ռիսկերը զգալիորեն ավելի մեծ էին։
«Այն ժամանակ՝ Իրանի տարածքով փոխադրում անելիս, մենք պարզապես կանգնեցնում էինք մեքենաները հնարավոր թիրախ հանդիսացող ռազմավարական օբյեկտներից հեռու, անվտանգ վայրերում։ Իրավիճակի կայունացումից հետո փոխադրումները վերսկսվեցին։ Դա պատերազմական իրավիճակ էր, իսկ այդ դեպքում ռիսկերը, անշուշտ, շատ ավելի մեծ են։ Դրա հետ ներկայիս իրավիճակն անհամեմատելի է՝ խոսքը ներքին անկարգությունների մասին է», – նշեց նա։
Տնտեսագետ Կարեն Ադոնցը նշում է, որ Իրանի միջոցով Հայաստանը փաստացի ելք ունի դեպի Մերձավոր Արևելքի շուկաներ, որոնք հատկապես կարևոր են վերամշակող արդյունաբերության համար։ Նրա գնահատմամբ՝ Իրանի տարածքով տարանցումն ապահովում է երկրի լոգիստիկ գործընթացների մոտ 30 %-ը։